Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած նիստի ժամանակ, որը նվիրված է եղել Միջերկրական ծովում կայունության և անվտանգության հաստատմանը, խորհրդարանականները խիստ քննադատել են ծովի արևելյան հատվածում` Կիպրոսի ափերին Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Խորհրդարանի նիստն անցկացվել է «կայունությունն ու անվտանգությունը և Թուրքիայի բացասական դերը Միջրկրական ծովում» խորագրով:
Նիստում մեղադրանքներ են հնչել նաև ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հասցեին` Թուրքիայի նկատմամբ չափից դուրս մեղմ քաղաքականություն վարելու համար:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներից շատերը կոչ են արել դադարեցնել ֆինանսական օգնությունը Թուրքիային:
Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին և կոչ է արել Թուրքիային հետևել եվրոպական նորմերին:
Իր հերթին խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների դաշինք (S&D) խմբակցության կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը խիստ քննադատել է Գերմանիայի կողմից շարունակվող զենքի վաճառքը Թուրքիային և նշել է, որ այդ զենքը օգտագործվում է եվրոպական նորմերը խախտելու համար: