Հուլիսի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի համալսարանի (Vilniaus universitetas / Vilnius University) ռեկտոր պրոֆ․ Ռիմվիդաս Պետրաուսկասին։
Այս մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։
Շնորհավորելով ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ռ․ Պետրաուսկասին բեղմնավոր գործունեություն և հաջողություն մաղթեց։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և այցելության համար՝ ռեկտոր Պետրաուսկասն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնելու ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը և նպաստելու նոր և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-լիտվական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ Վիլնյուսի համալսարանն իր մեծ ավանդը կարող է ունենալ երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում։
Կողմերը քննարկեցին նաև Վիլնյուսի համալսարանում հայագիտության ծրագրի հաստատման հնարավորությունները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել և աշխատանքներ տանել համատեղ գործողությունների ծրագրի ու դրա իրականացման մեխանիզմների կազմման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Վիլնյուսի համալսարանի գրադարանին նվիրեց Հայաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող մոտ երկու տասնյակ բարձրարժեք գրքեր։