Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ ու աներկբա համախմբված է, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքը շատ ամուր է։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա էլ, երբ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, դիվանագետները, կարծում եմ, պետք է իրենց գործը անեն: Բոլոր մայրաքաղաքներում պետք է ներկայացնեն, տեղեկացնեն ու լուսաբանեն, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը:
Ինչպես նաև, խորհրդարանական մեր ունեցած հարթակները, յուրաքանչյուրն իր տեղում պետք է այդ իրազեկման աշխատանքները տանի, բացատրի, ցույց տա, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները, և որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, լինեն աներկբա, ոչ թե՝ «կողմերին կոչ ենք անում հանդարտվել», այս, այն…, այլ կոնկրետ՝ թիրախավորած Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը»,- նշեց Մարուքյանը:
Անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմանը, Մարուքյանը նշեց, որ 5-րդ անգամ ենք ունենալու արտակարգ դրություն, ակնհայտ է, որ իրավիճակը լավ չի կառավարվել, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Նա նշեց, որ երբ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց կար իմաստ, կար սահմանափակում, կարանտին, որի ժամանակ պետք էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, մարդկանց ֆինանսավորել, աջակցել սոցիալական առումով, որ նրանք դուրս չգային և ամենայն խստութամբ կարողանայինք պահպանել արտակարգ դրության ռեժիմը, որի արդյունքում էլ կկարողանայինք շատ արագ դուրս գալ այս վիճակից:
«Պետք է մարդկանց փող տայինք, որ տանը մնային, չտվեցինք, բացեցինք, որ չտանք և ունենք այն, ինչ այսօր ունենք: Այստեղ հարց է առաջանում՝ այս սահմանափակումները, որոնք հիմա կան, արդյո՞ք հնարավոր չէ պահպանել առանց արտակարգ դրության ռեժիմի: Տնտեսությունը, ըստ էության, բաց է որի արդյունքում ռեստորանային համակարգն անընդհատ բողոքի ակցիաներ է անում, դրան գումարվում է արտագնա աշխատողների խնդիրները, տուրիստական սեկետորի տապալումը, և այս առումով մենք չեն տեսնում, որ կառավարությունն իրավիճակը կառավարում է, որ լուծումներ է ցույց տալիս, խնդիրներ է լուծում»,- ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ ոստիկանական գործողություններին՝ նշելով, որ դրանք իրապես անհամաչափ է, անտրամաբանական որոշումների կիրարկում է:
«Բաց տարածքում, բնության գրկում մարդուն գնում, դիմակ չկրելու համար տուգանում են, տրամաբանություն չկա, սա բացի դժգոհությունից ուրիշ բան չի առաջացնում: Սա ոչ մի բանին օգուտ չէ, ուղղակի մարդկանց աչքից ընկնում է արտակարգ դրությունն էլ, էն էլ, էն էլ: Ուզում եմ կոչ անել, որ ոստիկանությունը սահամանփակումների կիրարկման հետ կապված հնարավորինս տրամաբանության սահմաններ վերադառնա»,- ասաց նա:
Մարուքյանը, դիմելով իշխող ուժին, ասաց, որ եթե սեպտեմբերին կլինի օրական 140-ի կարգի կորոնավիրուսով վարակված, կստացվի վիճակը չի կառավարվելու:
Մարուքյանն ընդգծեց, որ բազմաթիվ այլ հարցեր էլ են մնացել, օրինակ, բանկերում վարկային կազմակերպություններում հազարավոր մարդկանց վարկային բեռի հետ կապված որևէ լուծում այդպես էլ չի տրվել: Նա նշեց, որ մարդիկ դրանից են հիմնականում բողոքում:
«Հարկերի համար էլ ոչինչ չկա, տույժ ու տուգանք է գնում բոլոր ուշացված հարկերի համար: Անհրաժեշտության կա նաև հարկային արձակուրդ տալու: Այս հարցերի հետ կապված՝ ընդդիմության ոչ մի առաջարկություն չի ընդունել կառավարությունը, և ասել է՝ մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ կառավարում ենք»,- ասաց նա: