Միջուկային զենքի կիրառումը՝ որպես պատերազմի միջոց, պետք է բացառվի, Ռուսաստանը կոչ է անում պաշտոնապես հաստատել այդ դրույթի հավատարմությունը բոլոր միջուկային տերություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հիրոսիմայում ատոմային ռմբակոծության 75-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողության մասնակիցներին հղած ուղերձում։
Ռուսաստանը, որպես միջուկային զենք ունեցող պետություն, գիտակցում է իր պատասխանատվությունը միջազգային անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության համար, նշել է Լավրովը: Ըստ նրա՝ ՌԴ-ում հասկանում են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների օգտագործումը։ Մինչդեռ Ռուսաստանը «մեծ մտահոգությամբ» այսօր նշում է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգի դեգրադացիան, պետությունների անվտանգությանը վնաս չհասցնելու սկզբունքների անտեսումը, պայմանագրերի ոչնչացումը, միջուկային ռիսկերի էական աճը, նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միջուկային պատերազմի հնարավորությունը և միջուկային տերությունների միջև ռազմական բախումների վտանգը բացառելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ նման պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: «Մենք առաջարկում ենք բոլոր միջուկային տերություններին պաշտոնապես հաստատել այդ դրույթը», – եզրափակել է ԱԳ նախարարը: