Չի բացառվում, որ Արսեն Ջուլֆալակյանը հետ կանչի պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին իր դիմումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մենք հարգում ենք Արսեն Ջուլֆալակյանի կարծիքը, բայցև կարծում եմ, որ նա սխալ որոշում է կայացրել։ Ժամանակ դեռ կա, և հնարավոր է՝ դիմումը հետ կանչելու որոշում կկայացնի»,- ասել է Մակունցը։
Նա նաև հայտնել է, որ նախօրեին տեղի է ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հանդիպումը իշխող դաշինքի ներկայացուցիչների հետ:
«Հանդիպման նախաձեռնողը հենց Ջուլֆալակյանն էր։ Եթե խնդիր կա, այն պետք է հնչեցնել և լուծում գտնել»,- ասել է Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:
Եթե պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը Ջուլֆալակյանը հետ չվերցնի, խորհրդարանում նրան կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։