Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է հուժկու, լինելու է բազմամարդ, հասարակությունը սպասում է քաղաքական խոսքի և գործողությունների, հետևաբար, բնական է, որ իշխանությունն այս ամենից ելնելով փորձելու է բոլոր գործողություններով՝ հնարավոր կամ անհնարին, թուլացնել այդ հավաքի ուժն ու դերակատարությունը։ Այս մասին այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի դատական քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Իշխանությունները ոչ թե հասարակության երազանքների երկիրն են կառուցում ու դրա համար են ասում, թե հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները. իշխանությունները դեռ 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են»,-ասաց Մինասյանը։
Հարցին, թե հանրահավաքին այլ ուժերի մասնակցություն հնարավոր է, թե ոչ՝ Մինասյանը պատասխանեց, որ հանրահավաքը բաց է և որևէ ուժի հրավեր չեն ուղարկել։ «Հո անվանական չէ՞ այդ հանրահավաքը. այն բաց է, հանրային է, թե ինչ կլինի հանրահավաքից հետո՝ կհնչի հանրահավաքում։ Մենք 3 քաղաքական ուժերով այս գործընթացը նախաձեռնել ենք, մենք գիտակցում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք, հանրահավաքը այդ ամենի սկիզբն է։ Ինչ կլինի դրանից հետո՝ կհնչի հանրահավաքում և նաև կներկայացնենք գործողությունների ճանապարհային քարտեզը։ Ի տարբերություն՝ իշխանությանը սատարող շատ ուժերի՝ մենք հրապարակային համաձայնությունների կողմնակից ենք»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե Ծառուկյանը ընտրակաշառք բաժանե՞լ է, թե ոչ՝ Մինասյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ «Մենք բազմիցս նախկինում հայտարարույթուններ արել ենք ու որակել ենք ընտրակաշառքը և ընտրողների ձայները կեղծելը զանգվածային հանցագործություն, որի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Իշխանությունը պետք է բացառի դա ու կանխի, չկանխելու դեպքում՝ պատժի, թույլ չտալու համար հետագայում նմանատիպ հանցագործություններ»,-ասաց Մինասյանը։