Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Քննարկվեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին: