ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի, այն է՝ ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ. հունվարի 1-ը:
Կառավարության և ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։
Այս օրինագծով ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակից ստացվող գումարները կտնօրինեն համայնքները։
ԱԺ-ն 87 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության ներկայացրած «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Սրանով փորձ է արվում պայմաններ ստեղծել, որ խոցելի խմբի ներկայացուցիչներն ինտեգրվեն հասարակությանը։
Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդգծել էր կույրերի համար նախատեսված գրականության թարգմանության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այժմ Հայաստանում միջազգային գրականության միայն 2 տոկոսն է հասանելի կույրերի, տեսողության կամ ընթերցանության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Նշենք, որ Մարաքեշի պայմանագիրը ընդունվել է 2013 թվականի հունիսի 27-ին։
Իսկ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Օրենքի նախագծի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ պալատի այլ դատավորներին ընտրվելու հնարավորություն տալով, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն։