Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է. առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:
Նա նկատեց, որ մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն են հայտնում, թե ինչու մեր իշխանությունը, առանց գերիների վերադարձի հարցը լուծելու, ճանապարհների ապաշրջափակման հարց է քննարկում, նոր հայտարարություն ստորագրում: Հովիկ Աղազարյանն ասաց․
«Բանն այն է, որ այդ հանդիպմանը գործընթացն ամբողջությամբ չի քննարկվելու: Դա երկարատեւ պրոցես է, հետեւաբար, գերիների վերադարձի ծանր գործընթացը, որը կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակելու մասին եռակողմ հայտարարություն է ստորագրվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։