Վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկում չի ունեցել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, որովհետև պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի: Մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի առաջարկը»,- նշեց նա։
Իվետա Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ։
Ի դեպ, նաև ասաց, որ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։
Խմբակցության մյուս պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ Խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է։
«Երկրում ճգնաժամ կա և դա երկար շարունակվել չի կարող։ Պետական կառավարման համակարգը չի գործում։ Հետո այս ամենի տակից դուրս գալը շատ բարդ է լինելու»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ վարչապետի հետ հանդիպման հրավեր են ուղարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Երեկ արդին իսկ կայացել է Փաշինյան և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան հանդիպումը, սակայն, որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։
Մանրամասները՝ տեսանյութում․