Պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելով գնալ արտահերթ ընտրությունների։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետն է ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու առաջարկը։
Հայկ Կոնջորյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում կարևորում է կոնսենսուսային որոշումը։
Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե ինչ հնարավոր սցենար կլինի, եթե արտահերթ ընտրության մասով համաձայնություն չլինի։
«Երբ քննարկումները կավարտվեն, և կունենանք որևէ արդյունք, ելնելով այդ արդյունքից՝ կքննարկենք իրավիճակը: Այս պահին մեր առաջարկը բաց է, և պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելով կազմակերպել ու գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ իշխանության առաջնային պատասխանատվությունն է երկրում քաղաքական կայունություն հաստատելը։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ։
Երեկ արդեն իսկ տեղի է ունեցել Փաշինյան- ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան հանդիպումը։ Սակայն, որևէ համաձայնության չեն եկել։ Նախատեսվում է քննարկումների երկրորդ փուլ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը մատնանշեց այն կարմիր գիծը, որից այն կողմ ստեղծված իրավիճակում զիջման չեն գնա:
«Մենք չենք գնացել և չենք գնալու որևէ լուծման, որը շրջանցում է ժողովրդին, ենթադրում է ժողովրդի կամքի ստորադասում այլ առանձին քաղաքական ուժերի կամ խմբերի կամքին», -ընդգծեց պատգամավորը:
Վարչապետի հետ հանդիպման հրավեր ստացել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Բայց, ինչպես տեղեկացրեց նրա խոսնակ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, այսօր Փաշինյան- Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը դեռ արտահերթ ընտրության մասով էլ քննարկում չի արել և այդ հարցով որոշում չունեն։