Կառավարության նիստում քննարկման էր դրված Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցները 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացնելու նախագիծը, որի համար հիմք են հանդիսացել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին շարունակական խորհրդակցությունները։
Ինչպես նշեց զեկուցող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ միջոցներն ուղղվելու են 2 հիմնական ուղղություններով ծրագրերի իրականացմանը։
Մի ուղղությունը ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերն են (1մլրդ 31 միլիոն դրամ), որը գիտական նշանակություն ունեցող սարքավորումների համար է նախատեսված, ինչը կբերի հետազոտությունների որակի բարձրացման և հնարավորություն կստեղծի կիրառական հետազոտություններ իրականացնել։
Մյուս ուղղությունը թեմատիկ գիտական հետազոտություններն են (1մլրդ 638 միլիոն դրամ), որն իր հերթին ունի մի քանի ուղղություններ՝ պատմական թեմատիկ, գիտական խմբերի մեկնարկային խմբերի, առաջատար գիտաշխատողների աջակցության մրցութային ծրագրեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ վաղուց է քննարկվում գիտության ու կրթության ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցը, բայց կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվել է, կարող է մարսվել համակարգի կողմից և լինել նպատակային։
«Կրթության ու գիտության ոլորտը մեզ համար, հասկանալի պատճառներով, ունի ռազմավարական նշանակություն, ուստի մոտեցումը համակարգային է՝ նախակրթարանից մինչև գիտական ոլորտ։ Հետևաբար, նույն շղթայի մեջ պետք է հաղորդակցություն տեղի ուենա»,- ասաց վարչապետը։