Ես այս ընտրությունների նախաշեմին որևէ ուժի երբեք չեմ սատարելու: Այս մասին Armnews-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Իմ համախոհներից, իմ ընկերներից և ոչ մեկը չի լինելու որևէ ցուցակում: ՀՀ-ում քաղաքականության ժամանակն անցել է, եկել է անկեղծության պահը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց հետ կրելու եմ այդ պատասխանատվությունը: Եվ, այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բացի այդ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ ամբողջ աշխարհին, որ Ն. Փաշինյանը հայ ժողովրդի ու ՀՀ-ի թշնամին է, դավաճան է ու մարդասպան»,-ասաց Միքայել Մինասյանը:
Նա նշեց, որ չի լինելու նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքում:
«Եթե մասնակցելու եմ՝ մասնակցելու եմ անձամբ, իմ համախոհներից բաղկացած պրոֆեսիոնալների թիմով, որոնց նպատակն է ՀՀ փրկությունը և փրկության տանող ճանապարհի ստեղծումը»,-հավելեց նա: