Վեց տարի առաջ՝ այս օրը, ապրիլի 21-ին բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ու ընդլայնված ցուցադրությունը, որը մեծ գնահատականի ու ընդունելության արժանացավ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա նշել է, որ այս առիթով էլ լուսանկար է հրապարակել․
«Այն ինչ որ առումով նաև գաղտնազերծվում է առաջին անգամ։
Լուսանկարն արվել է 2018 թ․ հունիսի 27-ին՝ Սիրահարների այգում։ Դատելով լուսանկարից՝ սեղանի շուրջ հավաքված են լրագրողներ ու թանգարանային գործի մասնագետներ։ Ձախ անկյունում նստածն, ամենայն հավանականությամբ, գորգագետ Աշխունջ Պողոսյանն է։ Լուսանկարն արվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Հովհաննես Հովհաննեսյանի հետ հայտնի միջադեպի հաջորդ օրը, երբ վերջիններս ներխուժել էին թանգարանի սենյակներից մեկը՝ առանց աշխատակցի ուղեկցության։ Ես այդ պահին գտնվում էի Վաշինգտոնում։
Ինչո՞վ է հետաքրքիր այս լուսանկարը։ Պարզվում է, որ գործ ունենք հատուկ հրահանգով, կամ ինչ որ մեկի ջանքերով գումարված բացօթյա նիստի հետ, որի հիմնական նպատակն է եղել ուղեղային գրոհի (brain-storming) միջոցով կոմպրոմատ հավաքել կամ մոգոնել Հայկ Դեմոյանի դեմ։ Համենայն դեպս, իմ ծանոթներից մեկը, որն ի դժբախտություն ժողովի կազմակերպիչների ու մասնակիցների, այդ պահին նստած է եղել հարևան սեղանի մոտ, պարբերաբար լսելով իմ ազգանվան արտաբերումը կողքի սեղանից՝ ավելի ուշադիր է հետևել տեղի ունեցող եռուզեռին, որի ընթացքում, ի դեպ հնչել է ամենացնցող ձևակերպումը․ «Էրեխեք, եկեք էսպիսի մի մեղադրանք ձևակերպենք, որ 2015 թ․ ցեղասպանության ցուցադրությունները կազմակերպելիս Դեմոյանն օգտագործել է թանկարժեք նյութեր․․․․»։ Հրաշալի է, այդպես չէ՞։
Ինչ-ինչ պատճառով այս ժողովի ընթացքում տրված հարցազրույցները չեն հրապարակվել հետագայում, թերևս թեման շատ արագ կերպով փակելու ու չտարածվելու հրամայականից ելնելով, կամ մեկ այլ պատճառով։
Ենթադրում եմ, որ այս «պանծալի» ժողովի նախաձեռնողը եղել է ԿԳՄՍ նախարարությունն՝ ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, կամ բոլորիս քաջ հայտնի «հեղափոխական» ընտանիքի անդամները, որոնք խարդախության բոլոր գրված ու չգրված կանոնների կիրառմամբ Ծիծեռնակաբերդում տնօրեն կարգեցին ազգագրագետ և իրեն «հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ չհամարող» Հարություն Մարությանին։ Վերջինիս թեման կծավալվի մոտ օրերս․․․»,- գրել է Հայկ Դեմոյանը։
Լուսանկարը՝ Հայկ Դեմոյանի Facebook-ի էջից։