Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված միջոցառմամբ նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին և պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներին, սովորող ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրել՝ Հայաստանում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում:
Փոխհատուցման ենթակա է 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։
Պատերազմի մասնակից բազմաթիվ ուսանողներ, որոնք այս միջոցառման շահառու են, 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ, ընդգրկված լինելով ուսումնական հաստատությունների ուսանողական համակազմում, սահմանված կարգով, ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը, դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ և զորացրվելու են 2021 և 2022 թվականների ամռանը։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միջոցառման շահառուների ուսման վարձի փոխհատուցման գործընթացն ապահովելու նպատակով նախագծով վերաբաշխում կատարելու և ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորություն է նախատեսվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում, այլև նաև հետագա՝ 2022 թվականի պետական բյուջեում։
Միաժամանակ հստակեցվել է շահառուների շրջանակը, այն է՝ սովորողներ, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են ուսումնական հաստատությունների համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ՝ ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը։
Նախագծով համապատասխան լրացմամբ հստակեցվում են հետագա ուսումնական տարիների ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու դեպքում համապատասխան ուսումնական տարվա կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հետ կապված կարգավորումները։
Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կնքվել են նվիրաբերության պայմանագրեր՝ 1373 սովորողի համար (304 959,9 հազար դրամ) և 2837 սովորողի համար (585,116,3 հազար դրամ)։ Իսկ ապրիլի 5-ին նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նոր որոշման նախագիծ՝ 1963 սովորողի ուսման վարձի 2020-2021թթ 1-ին կիսամյակի 100% փոխհատուցման համար, որոնց ուսման վարձի չափը կազմում է 428,006,0 հազար դրամ:
Ուսումնական հաստատությունները շարունակում են պարբերաբար ներկայացնել շահառուների նոր անվանացուցակներ: