ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի ժամը 12։00-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որտեղ կքննարկվի վարչապետի ընտրությանը հարցը։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ իրենք չեն մասնակցում ի սկզբանե դատապարտված գործընթացին։
«Մենք ասել ենք, որ սա քաղաքական պայմանավորվածություն է։ Վարչապետ չպետք է ընտրվի երկու անգամ, խորհրդարանը պետք է լուծարվի։ Հիմա, եթե մենք ինքնանպատակ վարչապետի թեկնածու առաջադրենք, որը չի ունենալու այնքան ձայն, որ ընտրվի, իմաստը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման դեպքում «Իմ քայլն» իրեն կառաջադրի վարչապետի պաշտոնում, և նա կընտրվի։ Ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ մեկ տարի ևս նա վարչապետ մնա՞»,- նկատեց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չարիք են, սակայն, ըստ նրա, ավելի մեծ չարիք կլինի, եթե խորհրդարանում Փաշինյանը կրկին վարչապետ ընտրվի։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում հատուկ նիստ կլինի, որի ընթացքում էլ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը։ Նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։
Հրաժարականի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։
Հիշեցնենք նաև, որ «Լուսավորի Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն կա՝ խորհրդարանն իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանին վարչապետ չի ընտրի:
Քաղաքական պայմանավորվածություն կա հատուկ նիստին նաև վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ։