Սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ են սպասվում։
Այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ինչպես նշվում է, զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։
«Համապատասխան որոշումն արդեն ընդունվել է։ Սպասվում է, որ սեպտեմբերին ադրբեջանական, թուրքական և պակիստանյան հատուկ ստորաբաժանումները զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Փորձագետների որոշ խմբեր արդեն գտնվում են Ադրբեջանում, ուսումնասիրում են զորավարժարանները։ Նրանք բարձր են գնահատում մեր պատրաստվածությունը», – ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը մարտավարական վարժանքներ են անցկացրել հունիսի 21-ին: Նշվում է, որ ադրբեջանական բանակի միացյալ զինատեսակներում անցկացված զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել փոխգործակցությունը և բարձրացնել երկու երկրների բանակային ստորաբաժանումների մարտունակությունը, զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների նախաձեռնողական և կառավարման հմտություններ: