Տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերը տարբեր ձևաչափով քննարկվում են հայ գործընկերների հետ։
Այս մասին ուրբաթ օրը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի՝ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցին։
«Դրա համար հիմք են ծառայում բազմաթիվ համաձայնագրերը, պայմանավորվածությունները, որոնք ձևակերպվել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև արտացոլվել են առաջնորդների եռակողմ հայտարարություններում։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական օբյեկտներին, ապա այդ հարցը գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության իրավասության ներքո»,- նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մանրամասն քննարկվել է հուլիսի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:
«Հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետևողական իրականացման կարևորությունը: Մենք դա վերահաստատում ենք. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ լարվածություն առաջացնող հանգամանքների վերացման գործում»,- ասել Է Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից ռուսական կողմի աջակցությամբ վերադարձվել են ընդհանուր առմամբ 97 գերիներ, 87՝ ը հայ, և 16-ը՝ ադրբեջանցի։
«Այնուամենայնիվ, այս խնդիրը, ինչպես նաև Բաքվի համար առաջնահերթությունը ականադաշտերի քարտեզների փոխանցման հարցն է, որը դեռևս չի հաջողվում վերջնականապես լուծել։ Ռուսական դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է. մենք հանդես ենք գալիս այդ խնդիրների շուտափույթ լուծման օգտին՝ առանց որևէ նախապայմանի։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն։ Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,- ասել է Զախարովան։