ԱԺ պատգամավորների կողմից, որոնք այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա, նաև նշել է. «Նախ, անհասկանալի է նման օրենքի փոփոխությունը իրականացնել արտահերթ նիստով, այն էլ հաջորդ գումարման ԱԺ-ի համար։
Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ՝ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավելի, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավելի։
Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար»:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ընդգրկվել է վաղը` հուլիսի 15-ին գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Նշենք, որ այդ գումարն աշխատավարձից առանձին գումար է, որը հատկացվում է հենց պատգամավորական ծախսերի, օրինակ, մարզեր այցերի շրջանակում ընտրողների հետ հանդիպման ծախսերը հոգալու համար: