«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։
Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։
Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ, եւ նրանք որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերը:
Այս փուլում նման որոշում կայացնելն ու այդ մասին հայտարարելն ինքնին ուշագրավ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու մասին խոսել են խորհրդարանական ինչպես արդեն նախկին, այնպես էլ նոր ընտրված ուժերը: Այս քայլով իշխանությունը ձգտեց առաջ անցնել ընդդիմությունից:
Ավելին, այս տարվա ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն այն արձագանք չգտավ:
Եվ հիմա արդեն իշխանություններն են նման առաջարկ անում, եւ սա էլ պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ որոշ իմքայլականներ քննարկել են հարցը, որ այս հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է Օնիկ Գասպարյանի գործելաոճի մասով բացահայտումներ անելը, նրա աշխատանքում որեւէ բացասական բան գտնելը եւ թերությունների պատասխանատվությունը նրա գլխին կոտրելը: Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսները բավականին բարդ են լինելու անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար, քանի որ աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով առաջ է եկել անասնակերի լուրջ խնդիր։ Բանն այն է, որ երաշտի պատճառով ձմռան համար նախատեսված խոտի համապատասխան քանակ ապահովելու համար խոտհարքներում ներկայումս սպասվածից մի քանի անգամ քիչ խոտ կա, ինչն անգամ կիսով չափ չի ապահովում պահանջարկը, իսկ ներմուծվող անասնակերը թանկ է մաքսատուրքի կիրառման պատճառով։
Արդյունքում, անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի՝ մեկ տուկն արդեն արժե 1500- 2500 դրամ։ Գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ են, քանի որ մարդիկ բառացիորեն չգիտեն, թե ոնց պետք է ապահովեն իրենց անասունի կերը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել եւ խուզարկել որդուն գտնելու նպատակով:
Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ կենտրոնական գրասենյակում երեկ մոտ 2 ժամ տեւած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կուսակցության նորընտիր ֆրակցիայի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ անդրանիկ նստաշրջանին ՔՊ-ն հանդես կգա նման նախաձեռնությամբ:
Իշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ հասկանալով, որ ընդդիմությունն ունի նման հնարավորություն, առաջ է ընկնում: Ինչպես ապրիլյանի հանձնաժողովը, սա էլ կղեկավարի ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հավանաբար՝ Անդրանիկ Քոչարյանը: ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը հետաձգվել է, երեկ չի քննարկվել։ Հանձնաժողովների քանակը չի ավելանա, կմնա 11:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը:
«Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար:
Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին»։