Մեր գործընկերներն այս պահին պատրաստ չեն այդ քննարկմանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկել են ընդդիմադիր խմբակցությունների հետ ԱԺ հանձնաժողովների բաշխման հարցը։
«Մենք բաց ենք այդ քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց նրանք անընդհատ պատրաստ չեն դրան: Ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,- նկատեց ԱԺ նախագահը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխող ուժի համար կա՞ն սկզբունքային հանձնաժողովներ, որոնց նախագահները պետք է լինեն իրենց խմբակցության ներկայացուցիչներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կան, այդ որոշումը մենք մեր ներսում ունենք: Յուրաքանչյուր սցենարի պարագայում պատրաստ ենք»:
Նշենք, որ ԱԺ հանձնաժողովները դեռ չեն ձևավորվել։
Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությանը՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Դիտարկմանը՝ իր ընկեր Արթուր Վանեցյանի՞ն էր ակնարկում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ընկեր ասելով ակնարկում ենք, որ մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ քաղաքական առումով աշխատելը դժվա՞ր է լինելու, կամ լա՞վ է լինելու»։
Հիշեցնենք, որ պատգամավորներն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ են ընտրում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները փոխխոսնակի միասնական թեկնածու են առաջադրել Իշխան Սաղաթելյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։