ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։
«Հայաստան» դաշինքն այդ պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Արթուր Ղազինյանն է այն թեկնածուն, ով լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին։
«Այս հանձնաժողովն այն կարևորագույն հանձնաժողովն է, որտեղ շատ հարցերի պետք է պատասխաններ տրվեն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
Նրանք դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։
Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը, Ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։
Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: