«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին օրակարգ է բերելու այս նախագիծը, որը, ի դեպ, ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ ուներ նրան նշանակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնում. դա եղել էր նաեւ Հայրապետյանի պահանջը: 44-օրյա պատերազմը եւ ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն, փոխեցին իրավիճակը, ու արդյունքում Հայրապետյանը մնաց օդից կախված: Վերջինս ցանկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար նշանակվել՝ Սփյուռքի գծով, սակայն, արի ու տես, ամիսներ է անցել, բայց Հայրապետյանը դեռեւս անգործ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը․ «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։ Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի եւ համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։ Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել եւ ում առաջադրել։ Դաշինքից տեղեկացանք, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռեւս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: Մեզ այլ մանրամասներ եւս հայտնի դարձան: Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, եւ, տարածված խոսակցությունների համաձայն, մինչեւ օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել եւ նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։ Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել եւ ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»: Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի խափանման միջոց կալանավորումը դեռեւս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաեւ Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի քաղաքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը: «Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, ով հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթերի այսօրվա համարներում։