Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 27-ի առավոտյան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ – ի դեսպանությունը:
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,-ասված է Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ, լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ: 44 օր տևած պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի մի մասը, Հադրութի, Աղդամի, Շահումյանի և Լաչինի (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները և Շուշի քաղաքն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը պատերազմի ընթացքում հայ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում 3781 է: Մոտ 11 հազար մարդ վիրավորվել է: 2021 թվականի սեպտեմբերի 27 -ի դրությամբ՝ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ անհետ կորել է: Ադրբեջանական գերության մեջ 80 մարդ կա, 108 զինծառայող և քաղաքացիական անձինք վերադարձել են գերությունից: Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին Հայաստանում և Արցախում ժամը 11:00 -ին մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը, եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագ: