Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չի նախատեսում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Ստամբուլում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ Չավուշօղլուն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրություններից հետո որոշ դրական ուղերձներ է հնչեցրել Անկարայի հասցեին:
«44-օրյա պատերազմի ավարտի ֆոնին Թուրքիան հույս ունի, որ տարածաշրջանում տիրելու է խաղաղություն և կայունություն»,- ասել է Չավուշօղլուն:
«Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ լայնամասշտաբ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ: Երևանը դեռ դրական պատասխան չի տվել: Թուրքիան կշարունակի համակարգել իր քայլերն Ադրբեջանի հետ, և համատեղ որոշումներ կկայացվեն»,- ասել է Չավուշօղլուն: