Ծավալելու ենք փողոցային պայքար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հայտնեց, որ մինչ այդ պետք է ամեն ինչ հասունացնել այդ պայքարի համար, նաև աշխատել ժողովրդի հետ։
«Պետք է աշխատենք Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Եթե չկարողանան այս գործընթացը գեներացնել, նշանակում է՝ կամ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է»,- նկատեց ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը խոստովանեց՝ իր ղեկավարած դաշինքի նպատակը իշխանափոխությունն է՝ իշխանություններին տուն ուղարկելը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը նաև ասաց, որ եթե բնակչության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, ոչ մի իշխանություն չի դիմանա։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ համագործակցելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք այս իշխանությանը համարում են դավաճան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ փողոցային պայքար են սկսելու։