Թեհրանը չի հանդուրժի Հարավային Կովկասի քարտեզի փոփոխությունները: Այդ մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Ռւսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ Իրանին մտահոգում է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Մենք քննարկեցինք այս մտահոգությունը պարոն Լավրովի հետ: Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում չափազանց մեծ պահանջներն անընդունելի են: Հարևանների հետ մեր հարաբերությունները բարեկամական են, եղբայրական և ուղղված են համագործակցության զարգացմանը: Իր հարևաններից մեկի հետ Իրանի հարաբերություններին վերաբերող որոշ հայտարարություններ հիասթափություն են առաջացնում, մենք, իհարկե, դժգոհ ենք այդ հայտարարություններից»,- ընդգծել է Աբդոլլահիանը:
«Մենք կարծում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարևանները պետք է դրական արձագանքեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ուղղված մեր քաղաքականությանը: Մենք, իհարկե, չենք հանդուրժի տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, փոփոխություններ Հարավային Կովկասի քարտեզում: Մենք լուրջ մտահոգություններ ունենք տարածաշրջանում ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության վերաբերյալ»,- հավելել է Իրանի արտգործնախարարը: