ՌԴ ԱԳՆ-ը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի առաջիկա այցը Մոսկվա: Այս մասին իր Telegram-ում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետը, Վաշինգտոնի խնդրանքին համապատասխան, հոկտեմբերի 11-13-ը բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳՆ-ում և կհանդիպի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ:
Նշենք, որ 2019 թվականից Նուլանդը Մոսկվայի սև ցուցակում էր, նրան արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի տարածք:
Սեպտեմբերի 25 -ին հայտնի է դարձել, որ Մոսկվան պայման է դրել Նուլանդին վիզայի տրամադրման համար: Մասնավորապես, ռուսական կողմը Վաշինգտոնից պահանջել է մուտքի թույլտվություն տրամադրել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության վարչության մասնագետ Կոնստանտին Վորոնցովին, որին 2019 թվականից ի վեր մուտքի արտոնագիր չէին տալիս: Նրանից բացի, մի քանի ռուս դիվանագետներ, «Ռոսկոսմոս»-ի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ չեն ստացել ԱՄՆ մուտքի արտոնագրեր: