Ես շատ հաջող այց ունեցա Հայաստան, և ինչպես գիտեք, տարածաշրջանում համագործակցություն սկսելու և նոր հարթակ ձևավորելու գաղափարն իմն է, որի շրջանակներում մենք՝ երեք երկրներս, կսկսենք սերտ համագործակցություն, իսկ Վրաստանը մեծ դերակատարություն կունենա այդ գործընթացում: Այս մասին Բաթումում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Պիրվելի արխի»-ն(Առաջին ալիք):
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանն ակտիվ միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև:
«Մենք արդեն միջնորդության հաջող նախադեպ ենք ստեղծել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերով և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ, մեզ հաջողվեց ազատ արձակել հայ գերիներին և քարտեզներ հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Քննարկման հիմնական թեմաներից մեկը մեր համագործակցությունն էր տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև»,– ասել է Վրաստանի վարչապետը: