Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնել է նա իր Facebook-յան էջում՝ հրապարակելով լուսանկարներ:
Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:
Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը»՝ Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում եւ խաղաղության հաստատման ճանապարհին: Նա իր ելույթում հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին:
Հակոբյանն ընդգծել է՝ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով, նաեւ շեշտել՝ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:
«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Աննա Հակոբյանը:
Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մասնակիցների թվում են նաև կին խորհրդարանականներ, իշխանության գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների, գլոբալ կորպորացիաների, գործարար շրջանակների, գիտական հանրության, հասարակական կազմակերպությունների եւ բարեգործական նախագծերի ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ:
Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: