Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնին: Այս մասին հայտնում են ԱԺ կայքից։
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ հարաբերությունների խորացման և դինամիկ զարգացման գործում: Այս համատեքստում նշվել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:
Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձեւերն ու կոչերը եւ արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան և Արցախ այցելությունը:
ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձևավորված ամուր համագործակցության խորացմանը: