Ադրբեջանը համարժեք պատասխան կտա սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում Հայաստանի ցանկացած դրական քայլին:
Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, երկուշաբթի օրն ասել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Կատարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական նորմալացման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Չափազանց կարևոր է հնարավորինս արագ սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացը և լուծել այդ խնդիրները: Ադրբեջանն ուշադիր հետևում է այս ուղղությամբ ընթացող գործընթացներին: Եվ այստեղ բոլորը կարող են վստահ լինել, որ հակառակ կողմից ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեք կընկալվի, և մենք դրական քայլեր կձեռնարկենք»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է կատարել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունները, որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից, մասնավորապես` հաղորդակցության բացման մասին համաձայնագրերի մասին: Նրա խոսքով՝ միայն այս դեպքում է հնարավոր երկու երկրների միջև «նորմալ բարիդրացիական հարաբերություններ» զարգացնել և ապահովել տարածաշրջանում հանգիստ, կանխատեսելի իրավիճակ: