Երևանում տեղի է ունեցել Վատիկանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը։ Առաքելական Նվիրակության բացման արարողությանը ներկա էր Վատիկանից պաշտոնական պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Նորին Գերազանցություն Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ:
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Սուրբ Աթոռն առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան- Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռին Հայոց ցեղասպանության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացում ներդրում ունենալու համար։
«Բարձր եմ գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձաման կոչը»,- ասաց ԱԳ նախարարը։
Տեղեկացնենք, որ միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նշենք, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի փոխհարաբերությունները պահպանվում են ամենաբարձր մակարդակով:
Սեպտեմբերին կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիա, որտեղ նա հանդիպում է ունեցել նաև Հռոմի Պապի հետ:
Ավելի վաղ, 2016-ին Հռոմի Պապն «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստանում էր, իսկ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին, Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարություն էր րել։ Նա ասել էր, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։
«Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին»,- հայտարարել էր Հռոմի Պապը։
Նա անթույլատրելի էր համարել չարիքը թաքցնելը կամ ուրանալը։