«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում: «Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: Միևնույն ժամանակ Խաչատրյանը նաև հաստատեց, որ քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն: Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ»։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Անցյալ շաբաթվա ամենաշրջանառվող թեմաներից էին այսպես անվանված «3+3» տարածաշրջանային կարգավորման ձեւաչափի շուրջ քննարկումները, որոնք սկիզբ առան Ռուսաստանում` կապված արտգործնախարարության բարձրագույն ներկայացուցիչների անդրադարձների հետ։ Չնայած որոշ հեղինակների թերահավատությանը, այս ձեւաչափի հաստատումը կարող է իսկապես զգալի փոփոխություններ մտցնել տարածաշրջանային տեղաշարժերում։ Ո՞րն է դրա էությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով: Գեւորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թեւոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թեւոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է»։