Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ երեկ իրեն ԱԺ-ում վիրավորել են՝ պահանջելով ներողություն խնդրել։
Այս առնչությամբ գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի՝ «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»:
Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:
Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. «Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ, մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»»: