Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են պայմանավորվածություններն անվերապահ իրականացնելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեկ տարին։
«Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ ընկերները։
2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահված անձ: Հայաստանին է վերադարձվել 105, Ադրբեջանին՝ 17 անձ: Իր հերթին ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կյանքի հաստատմանը։ Տարածաշրջան պարբերաբար մարդասիրական օգնություն է հասցվում, ականազերծվում են տարածքներ, վերականգնվում է կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Իրենց տներ է վերադարձել մոտ 53 հազար փախստական։
Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա հումանիտար բեռ, 800 տոննա շինանյութ: Իրականացվել են մարդասիրական, նաև ականազերծման աշխատանքներ։ Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, որոնց թվում նաև բոլոր պահված անձանց ազատ արձակումն է։ Խոսքը նաև բոլոր անհետ կորածների ճակատագրերը պարզելու, զոհվածների մարմինների հանձնման և ականապատ դաշտերի քարտեզների հավաստի ու ամբողջ ծավալով տրամադրման անժրաշետության մասին է։ Ակտուալ է նաև պատմամշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը»,- ասվում է փաստաթղթում։
ՌԴ ԱԳՆ-ում բարձր են գնահատել նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
«Ընդգծում ենք բալանսի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը: Կարևորում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը, սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։ Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Մենք մեծապես կնպաստենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կաջակցենք խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակում շփումների ընդլայնմանը:
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև երկխոսությանը՝ վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով: Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: