Իշխանությունը ունի մեկ նպատակ՝ մոլորեցնել հանրությանը, փորձել իրավիճակը ներկայացնել այլ համատեքստում, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը Սյունիքի մեծ թվով բնակավայրերի նկատմամբ, ենթակառուցվածքային առումով այդ վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Գորիս-Կապան ճանապարհով անցնել ցանկացող ՀՀ որևէ քաղաքացու համար անվտանգային երաշխիք չկա։
«Քաղաքացիները, որոնք փորձելու են Կապան հասնել հին միջպետական ճանապարհով, պետք է ադրբեջանական ծառայությունների միջոցով անցնեն համապատասխան ընթացակարգերով։ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը որևէ ձևով չի ապահովվելու։ Այդ ճանապարհով անցնել ցանկացող որևէ մեկը չունի երաշխիք, որ չի հայտնվի ադրբեջանական բանտերում, կտտանքների չի ենթարկվի կամ նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի լինի»,- մատնանշեց նա։
Armenia Today-ի դիտարկմանը, թե այլընտրանքային ճանապարհ չունեցող համայնքները հայտնվելու են շրջափակման մեջ, նա պատասխանեց, որ կարելի է հնարավորություն ստեղծել կապ ապահովելու համար։ Նրա դիտարկմամբ՝ այստեղ այլ խնդիր կա։
«Հայաստանը չպետք է լինի հետապնդվողի դերում, չպետք է համակերպվի Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշումներին։ Այդպես շարունակվելուց հետո մենք մի քանի տարի հետո խոսելու ենք Երևանի մատույցներում տեղադրված ադրբեջանական մաքսային անցակետերից»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ ԱԺ պատգամավորի՝ եթե ճանապարհին նաև հայկական մաքսակետեր լինեն, միևնույն է, դա հակաքայլ համարել Ադրբեջանին չի կարելի։ Այլընտրանքային ճանապարհները ևս քաղաքական նշանակություն չունեն։