Ես չեմ կարծում` ՊՆ նախարարի փոփոխությունը պետք է հրապարակայնորեն քննարկվի։ Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և դա ամբողջական պատկերացում է տալիս հարցի մասին։ Այսինքն՝ այդ պաշտոնում նշանակում է արվում վարչապետի հայեցողությամբ և ազատվում է նույնպես նրա հայեցողությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցերին, թե ինչու է նշանակվել նոր նախարար, նախորդ նախարարի ազատումը եղել է սեփակա՞ն դիմումի համաձայն, թե՞ վարչապետի որոշմամբ, ինչու է նոր նախարար նշանակվել Սուրեն Պապիկյանը։
«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր, տվյալ դեպքում ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի , և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»,- ասաց վարչապետը և հավելեց, որ հայտնի դեպքերից հետո ԱԳՆ-ում խորհրդակցության ժամանակ վարչության պետերն իրեն խնդրել են նախարարի պաշտոնում թիմակից նշանակել։
Տիգրան Աբրահամյանի հարցի երկրորդ մասին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ պատգամավորը կիրակի և երկուշաբթի օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին խառնված պատկերացումներ ունի, երբ խոսում է չկրակելու հրաման տալու մասին։
«Ի բնե հնարավոր չի նման բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, քանի որ ՀՀ ԶՈՒ-ում ծառայության անցնող յուրաքանչյուրչ զինծառայող ունի պարտականություններ։
«Գուցե և սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է հետաքննել, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- ասաց Փաշինյանը։