Միջազգային փոխադրումները ապաշրջափակված երթուղիներով կիրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը մաքսային հսկողություն կիրականացնի՞ այն հաղորդակցությունների նկատմամբ, որոնք պետք է Ադրբեջանը կապեն Նախիջևանի հետ։
«Այս կարևոր խնդիրն իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ըստ էության, այս հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է Ալեքսեյ Օվերչուկի կողմից Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ։ Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար, իհարկե՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք նաև ելնում ենք այն ենթադրությունից, որ չարգելափակված երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ նոյեմբերի 16-ին սահմանին լարվածությունը վերացվել է Ռուսաստանի արդյունավետ միջնորդությամբ։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին տիրող իրավիճակին և՛ մեր զինվորականների, և՛ սահմանապահների գծով։ Շփումներ են իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով։ Նրա խոսքերով՝ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստակամություն են հայտնել հանդես գալ որպես միջնորդ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործում։