«Տրոյկա դիմալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը (1 միլիարդ դոլար՝ ըստ Forbes-ի), RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել։ Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է գնալ հայաստանյան քաղաքականություն, Վարդանյանն ասել է, որ վերջին շրջանում իրեն շատ հաճախ են հարցնում այդ մասին. «Ես դրան պատասխանում եմ հակիրճ՝ այո՛»,- ասել է գործարարը:
Վարդանյանի խոսքով՝ այժմ ինքը գտնվում է Հայաստանի զարգացմանն առնչվող շատ կարևոր հարցերի պատասխաններ որոնելու ակտիվ փուլում։ «Սրանք բոլոր հարցերն են, որոնք գերազանցում են ինձ՝ որպես գործարարի, և դուրս են գալիս իմ սովորական առօրյայից: Այս առումով, իհարկե, ես քաղաքականության մեջ եմ»,- բացատրել է նա:
Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է դառնալ Հայաստանի նախագահ, Վարդանյանը նշել է, որ այս մասին իրեն նույնպես հարցրել են «արդեն շատ ու շատ հարցազրույցների ժամանակ»։
«Երկիրը ներկայիս վիճակում ղեկավարել ցանկանալը, հայ հասարակության տեսակետից, պետք է անտրամաբանական մարդ լինի, որովհետեւ երկիրը շատ ծանր վիճակում է։ Իրական ապագան բոլորովին անհասկանալի է»,- ասաց գործարարը։
Ձեռնարկատերը կարծում է, որ ներկայումս Հայաստանը որպես անկախ պետություն պահպանելու հարցը սուր է, հետևաբար, պետք է լինել շատ խիզախ մարդ նման իրավիճակում պետության ղեկավար դառնալու պատասխանատվությունն իր վրա վերցնելու համար։
Նա հավելեց, որ երկիրը ղեկավարել-չղեկավարելու հարցում իր համար պատասխանը շատ պարզ է։
«Դրա համար ես պետք է պատրաստ լինեմ ցանկացած գործի և ցանկացած պաշտոնի, օրինակ՝ Գվատեմալայում ՀՀ դեսպանի, եթե դա կարևոր է Հայաստանի համար»,- հավելեց Վարդանյանը։