Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացման նիստից հետո խորհրդաժողովի օրակարգերը Գորիսում ենք քննարկելու, դրա հիմնական նպատակը Սյունյաց աշխարհի ժողովրդին նեցուկ հայտնելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սյունիքը վտանգված է:
«Այս պարտվողական և անհայրենիք կացության մեջ, որ գտնվում է իշխանությունը, թվում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները»,– ասաց նա։
Կարևորագույն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են. «Դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Բնականաբար, հնարավոր չէ սկզբունքորեն դեմ լինել հաղորդակցությունների հանգուցալուծման խնդրին, բայց կարևորն այն է, թե ինչ տեսակի ու ձևի հանգուցալուծում է պարտադրվում կամ գոյանում այդ հաղորդակցության կապերը բացելու իմաստով, նշեց Հակոբ Տեր- Խաչատուրյանը։
«Մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց թե որևէ ձևով Հայաստանը բացվելու է աշխարհի առջև, այդտեղ որևէ հարց չունենք, եթե լինի մտածված, հաշվարկված, ծրագրավորված աշխատանք»,- ասաց նա:
Անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը և փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին՝ Հակոբ Խաչատուրյանն ասաց. «Այդ հայտարարությունում շատ բաների մասին խոսք չկար, Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր:
Մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի Ադրբեջանի մեջ, մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերակենդանացվի:
Եթե հնարավորություն լիներ հետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ, մենք դրա կողմնակիցը կլինենք: Սակայն այս իշխանությունները պնդում են, որ քանի որ կետ գոյություն ունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում, որ պետք է կատարվի դա: Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետև դուք լավ գիտեք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն հարաբերություններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղությամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի է: Պարտության հետևանքով թշնամին փորձում է ամեն ինչ կորզել, և այդ ուղղությամբ օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը»,- ասաց նա: