ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։
Հրաչյա Թաշչյան պաշտոնյայի անունը հասարակության մեծ մասի համար ոչինչ չէր ասում, շատերը նրան չգիտեն։
Բայց օրեր առաջ միայն նրա անունը սկսեց շրջանառվել և մամուլն էլ՝ ակտիվորեն գրեց։
Հրաչյա Թաշչյանի մասին առաջինը խոսեց ԱԱԾ նախկին պետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նոյեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային:
Նա հայտարարել է, որ իրենից բացի, եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
Այս հայտարարություններից հետո լրագրող Թաթուլ Հակոբյանը մանրամասնեց, որ Վանեցյանի նշած պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է:
Ըստ այդ տեղեկությունների՝ եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ։
Հավելենք, որ Թաշչյանը Հայաստանի դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Այս տեղեկություններից հետո զարմանալի զուգադիպությամբ Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։