Գերիների թեման շատ նուրբ է և ունի մի քանի շերտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ արված հայտարարությանը։
Ռուբինյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել Ադրբեջանում ապօրինաբար հայտնված գերիներին հետ վերադարձնելու համար։
«Գերի ընկնելու հանգամանքները միշտ պետք է պարզել, սա ընդունված է նաև աշխարհում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ռազմագերիների թեման պետք է շատ քիչ շոշափել։ Զինծառայողները պետք է իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ, դա չի օգնում, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն։ Գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ պետք է նսեմացնել»,- համոզմունք հայտնեց ԱԺ փոխնախագահը։
Նշենք, որ նախօրեին սոցցանցերում հայտնվել է գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ իրենց դիրքերը լքած զինծառայողները, որոնք գերության մեջ են հայտնվել, իրականում դասալիքներ են:
Ավելի ուշ նա տեսանյութի մասին պարզաբանում տվեց՝ հայտնելով, որ տեսանյութը մոնտաժված է։ Նախորդ երեկո գերիների և անհետ կորածների հարազատները մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ տանող որոշ փողոցներ։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ խոսնակի հետ: Այսօր ևս գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել ԱԺ շենքի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում։