Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը՝ Ադրբեջանին որպես դիտորդ Եվրասիական տնտեսական միություն հրավիրելու մասին, արժանի է ուշադրության:
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա նպատակները, սկզբունքները և շահագրգռված են առավել սերտ ինտեգրմամբ:
«ԵԱՏՄ-ն զարգանում է արագ տեմպերով, շարունակաբար կատարելագործվում են տնտեսական փոխգործակցության գործիքները՝ հաշվի առնելով լավագույն համաշխարհային փորձը, ակտիվորեն արդիականացվում է տրանսպորտային ենթակառուցվածքը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Միությունում գործում է տեխնիկական կարգավորման համակարգ, որը ստեղծվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը»,- ասել Է Զախարովան՝ հավելելով, որ չնայած պանդեմիայի հետ կապված բարդ ժամանակաշրջանին՝ մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը բնութագրվում է դրական դինամիկայով:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսությունը ցանկացած ձևաչափով կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը:
Միևնույն ժամանակ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են նրա բոլոր անդամների համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական մշակման արդյունքներով:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոյեմբերի 10-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել էր Ադրբեջանին ԵՏՄ հրավիրել դիտորդի կարգավիճակով: Նազարբաևը նիստին մասնակցել է որպես խորհրդի պատվավոր նախագահ։
«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա պառակտումից հետո։ Հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի այն նույնպես դառնա դիտորդ»,- ասել է Նազարբաևը։