Հայաստանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ բոլոր ոլորտներում: Այս մասին իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի պետական տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունը և ձգտում է ընդլայնել երկու ժողովուրդների միջև համագործակցությունը դարավոր բարեկամության և ռազմավարական կապերի հիման վրա բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, տեխնոլոգիա, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ աշխատանքային այցով Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան դեկտեմբերի 20-ին։ Նա Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։