Թուրքական GZT պարբերականի խմբագիրներ Նազգյուլ Քենժեթայը և Էմին Կարաչակը Ռուսաստանում նկարահանումների ժամանակ ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից։
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Քենժետայը և Կարաչակը վավերագրական ֆիլմ են նկարահանել Ռուսաստանում թյուրքական համայնքների կյանքի մասին և ձերբակալվել են Խակասիայի Հանրապետությունում։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, լրագրողների իրերը բռնագրավվել են, նրանց կողմից նկարահանված բոլոր նյութերը ոչնչացվել են, իսկ ձերբակալվածների դեմ լրտեսության մեղադրանք է առաջադրվել:
Թուրք լրագրողներին տեղափոխել են ժամանակավոր պահման կետ՝ հետագա արտաքսման համար և տեղավորել առանձին խցերում։ Լրագրողներին հայտնել են, որ կալանքի տակ գտնվելուց 10 օր հետո նրանք կարտաքսվեն։ Սակայն Քենժետայը և Կարաչակը հայտնում են, որ իշխանությունները ձգձգում են գործընթացը, որպեսզի երկարացնեն նրանց կալանքի տակ պահելու ժամկետը:
Ավելի վաղ Քենժետայը և Կարաչակը ձերբակալվել էին Յակուտիայում և Ալթայում, սակայն նրանց ազատել էին տուգանքների վճարումից հետո: