«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։ Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս դեկտեմբերի 7-ին՝ այսինքն ՏԻՄ ընտրություններից երկու օր անց «Փաստ» թերթը գրել էր, որ «Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն»: Մենք հավաստի տեղեկություններ ունեինք, որ ո՛չ «Ապրելու երկիր», ո՛չ էլ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների Նոյեմբերյանի տարածքային կառույցները չեն պատրաստվում համագործակցել իշխող ՔՊ-ի հետ: Եվ ահա, նախօրեին կայացած ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը, ստանալով 12 քվե, դարձել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար: ՔՊ-ի թեկնածուն ստացել է 9 ձայն: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիր» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները ստացել էին ավագանու 6-ական, իսկ ՔՊ-ն՝ 9 մանդատ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։ Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կհարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, ի՞նչ կանեք այդ դեպքում»։