«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, եւ նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչեւ արտգործնախարար նշանակվեց»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում եւ դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Բանն այն է, որ արդեն դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ինչպես ԲԴԽ ին, այնպես էլ Արդարադատության նախարարին ու անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել,որ ոչ մի սպասելիք չունեն:
Այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանությունների հաճո որոշումներ կայացնել, ինչի արդյունքում դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը: Ասել է թե վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատվել է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն: Թերթի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզում Գևորգ Փարսյանը միակ համայնքապետը չէ, որ բավականին կոմֆորտ համագործակցություն է հաստատել իշխող ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիստական որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել: Տեղեկացանք, որ Նահանգներում մեր դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպություններից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա մարտին, ինչից հետո նորը չի կնքվել:
Մեզ հասած տեղեկություններում՝ դեռևս օգոստոսին դեսպան նշանակված նախկին պատգամավորն ամերկկյան տարբեր կառույցների, գերատեսչությունների ու մարդկանց հետ հանդիպումներ սկսել է ունենալ նշանակումից մեկ ամիս անց միայն՝ տեսակցելով Կոնգրեսի՝ հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամներին»։