«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչեւ վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, եւ Արցախի պետական շահն այլեւս կարեւոր չէ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը: «Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր: Լ․ Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց. «Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ եւ ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել: Դեկտեմբերի 21-ին նրան էին այցելել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը, ավելի վաղ` Արթուր Վանեցյանը: Թե ինչ հիմքով են արգելվել տեսակցությունները, նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ հիմք չկա»: