Ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Հ 46 /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը ներառվեց միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկում՝ որպես Մ-2 Երևան–Երասխ-Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության հատված։ Այս մասին որոշում ընդունվեց կառավարության դեկտեմբերի 30-ի նիստի ժամանակ։
Ներկայումս Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Սյունիքի մարզի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում Ադրբեջանի Հանրապետության հաստատած վերահսկողության պայմաններում ճանապարհային հաղորդակցության ուղիների օգտագործումը տրանսպորտային միջոցների համար դժվարություններ է ստեղծում և Հ46 /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը միակ այլընտրանքային ճանապարհն է։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մինչև Մ 2 Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գորիս-Կապան հատվածի համապատասխան տեղամասը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցումը երևեկության անվտանգությունը, հարմարավետությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ժամանակավորապես Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) ճանապարհահատվածը ներառել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկում՝ որպես Մ 2 Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատված (շրջանցիկ հատված)։
Նշվում է, որ իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի ճանապարհային ցանցի անխափան աշխատանքը: